Բառը արտասվում է տաք թղթերի վրա,
պաղ հերկերի վրա արտասվում է բառը,
արտասվում է բառը պաղ ցրտերի վրա,
արտասուք են թափում թե՛ հնչյուն, թե՛ տառը:
Բառը արտասվում է տաք վերքերի վրա,
պաղ երգերի վրա արտասվում է բառը,
արտասվում է բառը պաղ սրտերի վրա,
ու արցունքն է՝ և՛ լուրթ, և՛ անսահման դառը:
Բառը արտասվում է տաք այտերի վրա,
պաղ աչքերի վրա արտասվում է բառը՝
ինքն ավելի ծանր է ու ավելի դառը,
քան իրական աչքի արտասուքն է՝ սառը:
Բառը արտասվում է յոթ երգերի վրա,
ու յոթերորդ օրվա Տիրոջ հանգստության,
քանզի միայն ինքն էր առաջնեկը Նրա,
բայց արցունքով խեղեց իր նախնական ձայնը:
Նորայր Գրիգորյան